ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Փաստաբանի խոսքով` դատարանի որոշումը դեռ իրենց չի տրամադրվել, երբ տրամադրվի, ավելի կոնկրետ հայտարարություններ կանեն։
«Բոլորիս համար էլ պարզ էր, որ նման վճիռ է լինելու, անակնկալ չէր»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։