ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ֆրանսիան Ուկրաինային այնպիսի զենքեր չի մատակարարում, որոնք թույլ կտային հարձակվել Ռուսաստանի վրա կամ հասնել նրա տարածք: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք Ուկրաինային այնպիսի զենք չենք մատակարարում, որը թույլ կտար նրան հարձակվել Ռուսաստանի վրա կամ հասնել նրա տարածք»,-ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ Ֆրանսիայի ռազմավարությունն է` շարունակել օգնել, որ Ուկրաինան պաշտպանվի։
«Ֆրանսիայի ռազմավարությունը պարզ է. շարունակել օգնել Ուկրաինային դիմագրավելու հարցում, երբ պահը գա` կազմակերպել հակահարձակում` բոլոր կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար նրա ընտրած պայմաններով, և կայուն խաղաղություն կառուցել նրա համար»,-ասել է Մակրոնը:
Նախօրեին Մակրոնը Փարիզում բանակցություններ էր վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ ասվել էր, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին մտադիր է ուկրաինական մի քանի գումարտակ մարզել, ապա զինել դրանք տասնյակ զրահամեքենաներով և թեթև AMX-10RC տանկերով:
Բացի այդ, Փարիզը ծրագրում է ջանքերը կենտրոնացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժին աջակցելու վրա, «որպեսզի նրա բնակչությանը պաշտպանի ռուսական հարվածներից»:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։