«Երկար ենք սպասել այս պահին». Հունգարիան ու ՀՀ–ն պատրաստվում են խթանել համագործակցությունը

Հունգարիայի դեսպանն ու Վահագն Խաչատուրյանը
Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում ակտիվ համագործակցության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Հունգարիան, որի հետ ավելի քան 10 տարի դիվանագիտական հարաբերություններ չկային, պատրաստվում են խորացնել համագործակցությունը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը։ Համագործակցության թեման քննարկվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Շիկոն իր հավատարմագրերն է հանձնել Խաչատուրյանին։
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի)
«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ, շարունակելու են իրենց համագործակցությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն իսկապես զարգացում ունենան»,- ասել է ՀՀ նախագահը:
Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր անձնական ներդրումը կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։
«Մենք բավական երկար ենք սպասել այս պահին, և այսօր ունենք արդյունք: Մենք քրտնաջան աշխատեցինք, և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունգարիայում և նաև Հայաստանում աշխատող բոլոր նրանց, ովքեր այս ամենը հնարավոր դարձրեցին»,– պատասխանել է Շիկոն:
Ըստ հաղորդագրության` հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարներին և առկա ներուժի լիարժեք իրականացմանը: Երկուստեք կարևորվել է կրթության, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խթանումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես Եվրամիության հարթակում ակտիվ համագործակցության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման նպատակով լավագույն փորձի փոխանակման կարևորությունը:
Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։