Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար

Իլհամ Ալիևը, Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը
Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական կոնտեքստում անկլավների հարցը Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ չի քննարկվել։ Եվրոպայի օրվան և Հայաստան–ԵՄ հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը։
Միշելը երեկ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում (Արցախը նույնպես այս տարածքում է. խմբ.)։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։
Այդ առնչությամբ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին` արդյոք բարձրացվել է այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» թեման։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման մասին չի լսել ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա։ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին` արդյոք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զինուժի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքից։

«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, ապա այդ գաղափարը քննարկվել է մեր մի շարք գործընկերների կողմից, մասնավորապես` ԵՄ–ի և ԱՄՆ–ի։ Իհարկե, ճանաչումը ենթադրում է զորքերի դուրսբերում»,– ասաց փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի և Միշելի բանակցությունները կայացել են Բրյուսելում մայիսի 14-ին։