ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը քաղաքացիներին հորդորում է չվճարել Շենգենյան վիզա ստանալու նպատակով ԵՄ անդամ երկրների դեսպանատներում ազատ ժամ վերցնելու համար։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։
«Ինձ շատ հստակ հասել են տեղեկություններ, որ բազմաթիվ տուրիստական գործակալություններ ազատ ժամերը ամրագրում են, և այդ է պատճառը, որ նման իրավիճակ է այսօր, սա խնդիր է, ու այս ուղղությամբ պետք է աշխատել»,– ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավարը։
Վիկտորինը վստահեցրեց, որ արդեն քայլեր են արվում` որոշ ԵՄ անդամ երկրների դեսպանատներ արդեն փոխել են իրենց ընթացակարգը, օրինակ` Գերմանիան ու Լիտվան։
Նա նշեց, որ իրավիճակը բարդ է, բայց ՀՀ ԱԳՆ–ի և ԵՄ անդամ երկրների հետ աշխատելով` վիզաների տրամադրման գործընթացը բարելավել հնարավոր է։
Նշենք, որ շենգենյան վիզա ստանալու հերթերը մեր երկրում վերջին ամիսներին ավելացել են։ Վիզաների աջակցման կենտրոն դիմողները երբեմն ստիպված են մի քանի ամիս սպասել, որպեսզի ազատ պատուհան լինի։ Օրինակ` Իտալիայի դեսպանատուն դիմելու համար այս պահին մինչև հոկտեմբեր ազատ պատուհան չկա։
Արդեն տոմս ունեցող և վիզայի կարիք ունեցող զբոսաշրջիկներին առաջարկում են հավելյալ վճարել հերթն «առաջ գցելու» համար։ Վճարը կախված է նրանից, թե վիզան որքան շտապ է հարկավոր, սկսվում է 15.000 դրամից ու հասնում 50.000 դրամի։