ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զորքերը փորձել են ճեղքել ռուսական ստորաբաժանումների պաշտպանությունը Արտյոմովսկի շրջանում, սակայն հակառակորդի բոլոր հարձակումները հետ են մղվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Սոլեդարո-Արտյոմովսկի ուղղությամբ գրոհային ջոկատները` օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակել են մարտեր վարել Արտյոմովսկ քաղաքի արևմտյան թաղամասերը գրավելու համար։ Արտյոմովսկից դեպի հյուսիս և հարավ անցած օրվա ընթացքում հակառակորդի կողմից մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու զանգվածային փորձեր են արվել։ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների բոլոր գրոհները հետ են մղվել։ Ռուսական զորքերի պաշտպանության ճեղքում թույլ չի տրվել», -հայտարարել են գերատեսչությունում։
Նախարարությունում նշել են, որ հակառակորդի հարձակումները հետ մղելիս խիզախություն և հերոսություն են ցուցաբերել ռուսական զինված ուժերի 4-րդ, 200-րդ մոտոհրաձգային բրիգադների և 6-րդ մոտոհրաձգային դիվիզիայի զինծառայողները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։