Թուրքիայում ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

Ընտրություններ Թուրքիայում
Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակի երկուշաբթի երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Թուրքիայում ավարտվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին):
Ընտրողներն ինը ժամվա ընթացքում (սկսած ժամը 08:00-ին) ընտրել են նախագահին, ով երկիրը ղեկավարելու է առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի պատգամավորներին (600 տեղ):
Բարձրագույն ընտրական հանձնաժողովի (YSK) հրապարակած տվյալների համաձայն` 81 նահանգում տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ: Երկրում քվեարկելու իրավունք ունի 60 721 475 քաղաքացի, մեծամասնությունը կանայք են ավելի քան 30,7 մլն:
Արտասահմանյան տեղամասերում քվեարկությունն ընթացել է ապրիլի 27-ից մայիսի 9-ը, իրենց ընտրությունը կատարել են ավելի քան 1,8 մլն քաղաքացիներ: 73 երկրներում Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչությունների տեղամասերում մասնակցությունը գերազանցել է 53 տոկոսը։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը: