ՀՀ կառավարությունը Փաշինյան–Ալիև–Միշել հանդիպման մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Բրյուսելում
Քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում և հուլիսին` Բրյուսելում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքների մասին հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, քննրակվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Տեղեկացվում է, որ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:
Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես եկավ ասուլիսով, որի ժամանակ ասաց, որ կողմերը որոշել են, որ հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան։
Հավելենք, որ Շառլ Միշելը երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` այսօր։
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։