Հարավային Կովկասում կարգավորման ուղին եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերի իրականացումը թույլ կտա կարգավորման հասնել Հարավային Կովկասում, ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն որպես իրավիճակի կարգավորման հիմք։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ընթացքում։
«Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք դեռևս անվիճելի հիմք են կարգավորման համար։ Իսկ կարգավորման հասնելու համար պետք է գնալ 3 երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով», - ասել է նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: