ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները, այն եղել է անկեղծ, բաց և արդյունավետ։ Կողմերը ունեն առաջխաղացում։ Այս մասին հանդիպումից հետո ասուլիսին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Անդրադարձել ենք սահմանագծմանն առնչվող առաջընթացին և հետագա քայլերին: Այս համատեքստում առաջնորդները պայմանավորվել են վերսկսել երկկողմ հանդիպումները սահմանային հարցերի շուրջ։ Նրանք վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում»։ Հավելեց, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։
Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։
Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։
Հիշեցնենք, որ Շառլ Միշելը երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` այսօր։
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։