Երևանի կենտրոնում տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք. հնչել է կրակոց

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Խուլիգանություն կատարելու կասկածով հայտնաբերվել ու բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 4 բնակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Երեկ գիշեր Երևանի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ հնչել է նաև կրակոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ գազային ատրճանակից կրակված փամփուշտ, 2 հատ չկրակված փամփուշտ, 1 հատ դանակ և գարեջրի կոտրված շշեր։
«Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները դեպքի վայրի հարևանությամբ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա հայտնաբերել ու բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալեն Ա․-ին, 22-ամյա Երվանդ Բ․-ին, 22-ամյա Արտակ Ղ․-ին և 20-ամյա Հայկ Խ․-ին»,– ասված է կայքում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանություն-ծեծկռտուքի մյուս մասնակիցները ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։