ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի-Sputnik. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավոր հակառակորդ, ընդդիմության 7 կուսակցությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն քվեարկել են ընտրություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեարկել է Ստամբուլի ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ ընտրություններն ընթանում են առանց խոչընդոտի։
Ընդդիմադիր թեկնածուն քվեարկել է Անկարայում։ Նա ժամանել է ընտրատեղամաս կնոջ և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ։
Ի դեպ, նախագահի երկու թեկնածուներին էլ մարդիկ ընտրատեղամասերի մոտ դիմավորել են ծափահարություններով։
Նշենք, որ Թուրքիայում այսօր համապետական ընտրություններ են` նախագահական և խորհրդարանական։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը:
Չորրորդ թեկնածուն` Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր իր թեկնածությունը հանելու մասին։