ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Այս մասին Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումից հետո ասաց Միշելը` անդրադառնալով գերիների և պահվող անձանց խնդիրներին։
«Այն զինվորները, որ պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը, կշարունակվեն ազատ արձակվել արագացված ընթացակարգի շրջանակներում»,– ասել է նա: Քննարկվել է նաև անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման և ականազերծման աշխատանքների ակտիվացման կարևորությունը:
Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես եկավ ասուլիսով, որի ժամանակ ասաց, որ կողմերը որոշել են, որ հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով։
Հավելենք, որ Շառլ Միշելը երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` այսօր։
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։