Աբովյանում մեքենայի գազաբալոն է պայթել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Պայթյունից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենան այրվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Mercedes մակնիշի ավտոմեքենան այրվել է` հեղուկ գազի գազաբալոնից արտահոսքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
Ականատեսները պատմել են, որ մինչև հրդեհի բռնկվելը պայթյունի նման ձայն է լսվել։
Մեքենայի վարորդ` Կոտայքի մարզի բնակիչ Հ․Ս․-ն, ձեռքերի, դեմքի և շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2022 թ-ից գազաբալոնների տեղադրման ընթացակարգում կառավարությունը մի շարք խստացումներ արեց։
2022-ի օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից այլևս չեն լիցքավորվում։