Թիվ 166 հիմնական դպրոցում աշակերտներին ծեծած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով

Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Երևանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում 2 աշակերտի ծեծած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ մայիսի 11–ին աշակերտներից մեկի հայրը մտել է Երևանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոց և հարվածներ հասցրել 9-րդ դասարանի երկու աշակերտների։ Երեխաները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը քննությամբ դեռևս չպարզված 4 անձանց հետ միասին դպրոց է մտել մայիսի 11-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում։
«Չհարգելով հասարակությանը, արհամարհելով օրենքների և բարոյական նորմերի պահանջները՝ նույն դպրոցի աշակերտների կողմից մինչ այդ որդուն վիրավորելու չնչին առիթով նա սկսել է վիճաբանել աշակերտների և ուսուցիչների հետ։ Այդ ընթացքում նույն խուլիգանական մղումներով վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել երկու աշակերտների՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները, հնչեցրել հայհոյանքներ։ Այդ գործողությունների արդյունքում տևականորեն խաթարվել է դպրոցի բնականոն գործունեությունը»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։
Նախաքննությունը շարունակվում է:
Կատարվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։
Երևանի դպրոցներից մեկում ուսուցչուհին հարվածել է աշակերտին. ԿԳՄՍ–ն արձագանքել է