Կառավարությունը մտադիր է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տված տարկետումը

Տրված տարեկետումը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Կառավարությունը մտադիր է դադարեցնել ամիսներ առաջ սկանդալային հայտարարություններ արած բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տված տարկետումը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Բռնցքամարտիկը մարտի վերջին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը: Իսկ դրանից առաջ՝ տարեվերջին, իր դժգոհությունն էր հայտնել նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել, չեն շնորհավորել։
ԿԳՄՍՆ-ն մարզիկի դժգոհությունները որակել էր անհիմն՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարին ամբողջությամբ ստացել է իրեն հասանելիք պարգևավճարները:

«Հիմա կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի որոշումը, համաձայն որի՝ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների (այդ թվում՝ Էրիկ Իսրայելյանին) պարտադիր զինծառայության 2022 թ․ ձմեռային զորակոչից տարկետում էր տրվել»,–գրում է թերթը։

Տրված տարեկետումը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»:
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը կպարգևատրվի. նա նաև սպորտային նպաստ և անվանական թոշակ կստանա