Երևանում վիրավոր լորաճուռակ են հայտնաբերել. գիշատիչ թռչունը գրանցված է Կարմիր գրքում

Այս թռչունը հիմնականում բնակվում է անտառի բացատներում, լքված պտղատու այգիներում, պուրակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Փրկարարները Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող զբոսայգում վիրավոր թռչուն են հայտնաբերել ու նրան տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ թռչնին առնչվող ահազանգը ստացվել է մայիսի 13-ին, ժամը 16։44-ին։
Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը գիշատիչ լորաճուռակ է, որի թևը վնասված է։
Գիշատիչ այս թռչունը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Նշենք, որ անհետացող լորաճուռակը ճուռակների ընտանիքին է պատկանում, նստակյաց է և քիչ տարածված։ Այն համարվում է թաքնված գիշատիչ թռչուն, սնվում է թռչուններով։ Թռիչքի պահին հաճախ աղավնիներ է որսում։
Հիմնականում բնակվում է անտառի բացատներում, լքված պտղատու այգիներում, պուրակներում։
31-ամյա տղամարդը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված քաջահավ է որսացել
Հայաստանի Կարմիր գիրքը ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնք են` ոսկրային ձկներ (7 տեսակ), երկկենցաղներ (2 տեսակ), սողուններ (19 տեսակ), թռչուններ (96 տեսակ) և կաթնասուններ (29 տեսակ)։
Ներառված են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ։