Բելգիան դիվանագիտական ներկայացուցչություն կունենա Հայաստանում

Բելգիայի Թագավորությունը որոշում է կայացրել նման ներկայացուցչություն բացել նաև Մոլդովայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Բելգիայի Թագավորությունը որոշում է կայացրել դիվանագիտական ներկայացուցչություն բացել Հայաստանում (Երևան): Տեղեկությունը հայտնում է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի նախարարությունը։
«Կովկասում Բելգիան ներկա կլինի Հայաստանում։ Բելգիան լիովին աջակցում է եվրոպական ջանքերին, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության միջոցով, որով Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ»,- ասված է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բելգիան մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիությանը։ Գերատեսչությունից ընդգծում են, որ Երևանում դիվանագիտական առաքելության բացումը, Բաքվում արդեն գոյություն ունեցող իրենց դեսպանատան հետ միասին, այդ տեսլականի իրագործման համար է։
Փաշինյանը Բրյուսել է մեկնել
Բելգիայի ԱԳ նախարարությունից շեշտել են, որ մտադիր են դիվանագիտական ներկայացուցչություն բացել նաև Մոլդովայում (Քիշնև)։
Բալկաններում Բելգիան դեսպանատներ ունի Խորվաթիայում և Սերբիայում։