ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Արդար Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու, քանի որ, կուսակցության բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանը նախընտրեց գնալ իր նախորդների ճանապարհով ու տանուլ տվեց։
«Չափից դուրս մտահոգիչ է, որ ժողովրդավարության ու ազատության քողի տակ լկտիությունն ու սանձարձակությունը դարձել է կյանքի նորմ, խեղվել է տղամարդու ու կնոջ կերպարը, մեր հասարակության մեջ փոխվում է ընտանիքի, մեծի ու փոքրի, կրթության, պետության ու հայրենիքի պաշտպանության ընկալումը»,–ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը կարծում է, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող քաղաքապետ։
Կուսակցությունը բացառում է իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի կամ իշխող ուժի որևէ այլ ներկայացուցչի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։
«Արդար Հայաստանը» որոշել է մինչև օրենքով սահմանված կարգով ընտրական ցուցակը հաստատելը Նորիկ Նորիկյանի միջոցով հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրմանը, իսկ դրա անհնարինության դեպքում Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։