Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակը Միրզոյանը ներկայացրել է Հոգանին

Արարատ Միրզոյանն Դերեք Հոգանը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողությունները նպատակ են հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության շուրջ։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։