ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու նպատակը նրան որոշակի գործընթացներից մեկուսացնելն է։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որն իր գործընկեր Հակոբ Ենոքյանի նման դուրս էր եկել դատական նիստերի դալիճից` հայտարարելով, որ չի ցանկանում մասնակցել դատարանի անօրինական գործողություններին։
«Ես դատարանում էլ հայտարարեցի` Խաչատուրովն ինձ տեղեկացրել է, որ այս կալանքը և այլն իր համար երեխայական անօրինականություններ և չարաճճիություններ են, դրանով չեն կարող իրեն ընկճել»,– շեշտեց Պողոսյանը։
Նրա խոսքով` իրենց նպատակն է, որ այս գործընթացում անօրինականություններ թույլ տված բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն` հետաքննիչից մինչև գլխավոր դատախազ։ Պողոսյանը հավելեց` քրեադատավարական առումով այստեղ որևէ գործընթաց չկա, սա այլ պատմություն է, Խաչատուրովի նկատմամբ անձնական հետապնդում։
Ըստ փաստաբանի` նիստերի դահլիճում դատավորը որևէ մեկի առարկությանն ուշադրություն չի դարձնում։
«Հստակ հնչեց, որ դատավորին կարգադրել են Գրիգորի Խաչատուրովի կալանքի որոշումը կայացնել, դրան որևէ պատասխան չկա։ Ես իմ ելույթում էլ ասացի` իրական է այս հանգամանքը, եթե իրական չլիներ, նա գոնե ինչ–որ կերպ կարձագանքեր»,– նշեց Պողոսյանը։
Գրիգոր Խաչատուրովի գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 15-ին` ժամը 16։00։
Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ի հավանությունը ստացավ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։