Սիրանուշ Սահակյանը պնդում է` Բաքվում ոչ թե 33, այլ 80 գերի ունենք

Հարազատները դիմավորում են Երևան վերադարձած հայ գերիներին. Արխիվային լուսանկար
Իրավապաշտպանը քննադատեց իշխանությունների դիրքորոշումը, որոնք անտեսում են հայ մասնագետների հավաքած նյութերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների թվին առնչվող ՀՀ իշխանությունների մոտեցումն արդարացված չէ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը` ներկայացնելով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած զեկույցը։
«Նրանց (ՀՀ իխշխանությունների– խմբ.) համար ավելի հեշտ է փոխհարաբերվել Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ, եթե խոսեն նրանց պաշտոնական թվերով։ Այսինքն` հայկական կողմից բացահայտումները և տվյալներն անտեսում են, ու այստեղ միասնականություն կա Ադրբեջանի կողմից ներկայացված թվերի առնչությամբ։ Դա իմ գնահատմամբ արդարացված չէ»,– նշեց Սահակյանը։
Այս համատեքստում նա ընդծգեց, որ հայ և միջազգային իրավապաշտպանները, Հայաստանի քննչական մարմինները արձանագրել և բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան պաշտոնականացվել է Ադրբեջանի կողմից։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով` հայկական կողմը պետք է առաջ տանի իր տվյալներն ու աղբյուրները, ոչ այն թվերը, որոնք հնչեցնում է Ադրբեջանը։
«Մենք 80 դեպքի մասով տվյալներ ենք փոխանցել միջազգային կազմակերպություններին, և դա օդից վերցրած թիվ չէ։ Կա հստակ նկարագրություն, յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ էլ ապացույցներ են առկա»,– ընդգծեց իրավապաշտպանը։
ՀՀ և Արցախի սահմանին մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված. իրավապաշտպան
ՀՀ իշխանությունների տվյալներով ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։