ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) շուտով կունենա բազմաֆունկցիոնալ վարժահամալիր։ 14 մետր բարձրությամբ եռահարկ շենքի շինարարությունն ակտիվ փուլում է, նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է 911tert.am–ը։
ՌՀՄԱԿ տնօրենի տեղակալ Արթուր Աղաբաբյանի խոսքով՝ կենտրոնի առաջին հարկում լինելու է լոգիստիկ հատվածը՝ պահեստներ, հերթապահ մաս և այլն, երկրորդում՝ ճաշարան, լսարաններ և հյուրասենյակներ՝ արտասահմանցի մասնագետների համար, իսկ երրորդ հարկում լսարաններ ու դահլիճներ՝ կոնֆերանսներ, ուսումնական միջոցառումներ անցկացնելու համար։
2022 թվականի նոյեմբերի 23-25-ը Արաբական միացյալ էմիրությունների Աբու Դաբի քաղաքում անցկացված Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) գլխավոր ասամբլեայի 25-րդ նիստում որոշվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը դարձնել ՔՊՄԿ Հարավային կովկասի և Միջին արևելքի տարածաշրջանային ուսումնական կենտրոն: ՌՀՄԱԿ-ը ՔՊՄԿ տարածաշրջանային միակ ուսումնական կենտրոնն է, որը զբաղվելու է հայ և արտասահմանցի փրկարարների վերապատրաստմամբ։
Նոր բազմաֆունկցիոնալ վարժահամալիրի կառուցումը համաֆինանսավորմամբ է․ Հայաստանը հոգում է շինարարության, Ռուսաստանը՝ տեխնիկական համալրվածության հարցը։
Բացի դրանից, արդեն Հայաստանում է փրկարարական մոդուլային խցիկների մի մասը, ևս 13 բեռնատար կժամանի շուտով։ Մայիսի 20-ից հետո ռուս մասնագետները կսկսեն մոնտաժման աշխատանքները, կսովորեցնեն՝ ինչպես օգտագործել մոդուլները։ Խցիկների ներսում օպերատորը ստեղծում է արտակարգ իրավիճակ՝ հրդեհ, ծխապատ գոտի և այլն։ Փրկարարներն ուսուցանվելու են և գնահատվելու հստակ նորմատիվներով։
Արդեն իսկ լուծվել է նոր մոդուլների մատույցներ էլեկտրաէներգիա և ջուր մատակարարելու հարցը։ Շինարարության ավարտից հետո կկառուցվի նոր ճանապարհ, տարածքը կկանաչապատվի: