Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Նարեկ Մանասյան
Առաջին ռաունդում հավասար պայքար ընթացավ, երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը փորձեց բեկել մենամարտի ընթացքը, սակայն չստացվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում պարտվեց 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, և 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, իտալացի Ազիս Աբդել Մուհիդինին և դարձավ բրոնզե մեդալակիր։
Առաջին ռաունդում հավասար պայքար ընթացավ։ Մուհիդինը ոտքերի աշխատանքի շնորհիվ հիմնականում կարողանում էր խուսափել Մանասյանի հարվածներից, ինչի պատճառով էլ մրցավարները առաջին ռաունդում հաղթանակը շնորհեցին արաբական արմատներով իտալացի բռնցքամարտիկին։
Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը փորձեց բեկել մենամարտի ընթացքը, որոշ հարվածներ հասան իրենց նպատակին, բայց իտալացին էլ հետ չէր մնում։ Մրցավարները ևս մեկ անգամ 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին Մուհիդինին։
Մենամարտում հաղթելու համար երրորդ ռաունդում Մանասյանին հարկավոր էր կա՛մ բացահայտ առավելություն, կա՛մ նոկաուտ, սակայն Մանասյանին չհաջողվեց հասնել ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին։
Գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող
Հաղթանակը շնորհվեց Ազիս Աբդել Մուհիդինին, իսկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին ավելացրեց նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ Այսօր երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար պայքարի մեջ կմտնի Հովհաննես Բաչկովը, որի մրցակիցը 63,5 կգ քաշային կարգում լինելու է ուզբեկ Ռուսլան Աբդուլաևը։
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ