ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ քննարկել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուցպիոն կոմիտեն։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը:
Զրույցի ընթացքում Խաչատրյանն անդրադարձել է հիմնական առաջնահերթություններին, այդ թվում` կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացին:
Քննարկվել է նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») հետ սերտ համագործակցությանն ու դրա շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը:
ԱՄՆ դեսպաննիր հերթին նշել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հաջողվել է գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ որոշակի դրական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:
ԱՄՆ դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել նույն արդյունավետությամբ շարունակել ձևավորված սերտ համագործակցությունը: