ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Համաշխարհային բանկի 2023 թվականի լոգիստիկայի ինդեքսում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 97-րդ տեղը: Նախորդ ցուցանիշի համեմատ (2018 թվականի) ՀՀ-ն 5 կետով զիջել է իր տեղը։ Հայաստանը կիսում է 97-րդ տեղը 17 երկրների հետ, որոնց թվում են Մոլդովան և Տաջիկստանը:
Հայաստանի ընդհանուր վարկանիշը 2.61-ից իջել է 2.5-ի՝ հիմնականում միջազգային փոխադրումների հարմարավետության գնահատման հաշվին (այստեղ գնահատականը 2.65-ից իջել է 2.2-ի): Սա կարող է արտացոլել լոգիստիկ պայմանների վատթարացումը 2020 թվականի 44-օրյա պատերազմից և Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հակառակորդի վերահսկողության տակ անցնելուց հետո (հարավային ուղղությամբ միջպետական փոխադրումները շրջանցիկ ճանապարհով են իրականացվում)։
Նշվում է, որ երեք տարի անց այս տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նոր ճանապարհ, որը զգալիորեն կկրճատի Երևանից մինչև Իրանի սահման երթևեկության ժամանակը:
Դեպի վատը փոխվել է նաև ապրանքների առաքման ժամկետների գնահատականը՝ 2,9-ից մինչև 2,7:
Բարելավվել է ենթակառուցվածքների որակի գնահատականը (2,48-ից 2,6)՝ հաշվի առնելով վերջին հինգ տարիների ընթացքում հանրապետությունում իրականացվող ճանապարհների կառուցման և վերանորոգման լայնածավալ ծրագրերը:
Մաքսային ծառայության գնահատականը նվազել է և 2.57-ից հասել 2.5-ի։
Միևնույն ժամանակ, ինդեքսում վերապահում է արվում, որ դժվար լոգիստիկա ունեցող փոքր երկրներում միջազգային լոգիստիկ ընկերությունների կարծիքները, որոնք հաշվի են առնվում ինդեքսում, միշտ չէ, որ կարող են արտացոլել իրականությունը: Խնդիրները, որոնք կարող են նրանց համար չափազանց բարդ թվալ, տեղական ընկերություններն արդեն սովոր են բավականին արդյունավետ լուծել։
Հավելենք, որ Ռուսաստանի վարկանիշն իջել է 75-րդից մինչև 88-րդ տեղ՝ կապված անցյալ տարվանից սկսած փոխադրումների կտրուկ սահմանափակման հետ։
Վրաստանը 119-րդ տեղից բարձրացել է 79-րդ հորիզոնականը, Ադրբեջանը վարկանիշում չկա: