ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ԵՄ-ն ծրագրում է ստորջրյա ինտերնետ մալուխ անցկացնել Սև ծովով Վրաստանի հետ կապը բարելավելու և ՌԴ-ով անցնող գծերից կախվածությունը նվազեցնելու համար: Այս մասին գրում է Financial Times թերթը` հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթին։ Նյութից հատվածներ է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ 45 մլն եվրո արժողությամբ և 1100 կմ երկարությամբ մալուխը Սև ծովի միջազգային ջրերով ԵՄ անդամ երկրները կկապի Կովկասի հետ։
Ըստ փաստաթղթի` նախագիծը նպատակ ունի նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը ցամաքային օպտիկամանրաթելային կապից, որն անցնում է Ռուսաստանի տարածքով:
Պարբերականը, հղում անելով առաջարկին ծանոթ աղբյուրին, գրում է, որ ԵՄ-ն և Վրաստանը նման մալուխի անցկացման անհրաժեշտությունը հստակեցրել են 2021 թվականին, սակայն Ուկրաինայի հակամարտությունը նախագծին լրացուցիչ խթան է հաղորդել։ Միաժամանակ նշվում է, որ նախագծի իրագործելիության և իրականացման ժամկետների վերաբերյալ հարցերը դեռևս բաց են։
Պարբերականի աղբյուրների տվյալներով` Սև ծովով մալուխային երթուղի անցկացնելու հնարավորությունն ուսումնասիրում է նաև Vodafone ընկերությունը։ Kardessa կոչվող նախագիծը կմիացնի Ուկրաինան Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի հետ, այնուհետև կշարունակվի` գետնի տակ միացնելով Հայաստանն ու Ղազախստանը, այնուհետև կշարունակվի դեպի Ասիա:
ԵՄ-ն նաև ծրագրում է նաև Global Gateway ծրագրի շրջանակներում Սև ծովի հատակով առանձին էլեկտրական մալուխ անցկացնել, որը Հունգարիան և Ռումինիան կմիացնի Վրաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի ուժեղացնի դաշինքի մատակարարումների անվտանգությունը: