ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ լուծում գտնելու հարցում դաշինքը պատրաստ է լրջորեն համագործակցել Չինաստանի հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Financial Times-ին, որի տրամադրության տակ է հայտնվել ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներին ուղղված նամակը։
Պարբերականի տվյալներով` Բորելն ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը լրջորեն համագործակցելու Պեկինի հետ Ուկրաինայի հակամարտության շուրջ` չնայած Մոսկվային նրա աջակցությանը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ողջունում է Չինաստանի կողմից բոլոր իսկապես դրական քայլերը, որոնք ուղղված են լուծում գտնելուն։
Բորելը նաև նշել է, որ Բրյուսելը պետք է հաշվի առնի Չինաստանի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող երկրների հետ աշխատելիս` զգուշացնելով, որ այդ երկրներն այս կամ այն կողմը կընդունեն:
Չինաստանի իշխանությունները փետրվարին առաջարկել են խաղաղության իրենց ծրագիրը։ Այն ներառում է 12 կետ, այդ թվում` հրադադարի, անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերը հարգելու, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի կարգավորման կոչեր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` չինական խաղաղության ծրագրի շատ կետեր կարող են որպես կարգավորման հիմք ընդունվել, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքում և Կիևում: