ԵԱՏՄ-ում e-commerce միասնական շուկայի մասին համաձայնագիր են պատրաստում. Սլեպնյով

Առցանց առևտուր
Լուծման է մոտենում այն հարցը, թե ինչպես կարելի է բաժանել հարկերը նման առևտրի ընթացքում, ինչպես պաշտպանել սպառողների իրավունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրներն աշխատում են էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի վրա։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Համաձայնագրի նպատակն է այնպես անել, որ ԵԱՏՄ որևէ երկրի էլեկտրոնային խանութներն ու մարկետփլեյսները կարողանան ազատորեն ապրանքներ վաճառել նաև միության մյուս երկրներում։ «Ընդհանուր թեզը հասկանալի է, բայց դրա իրականացման համար շատ աշխատանք է պահանջվում»,– ասաց Սլեպնյովը։
Իրանը մտադիր է ԵԱՏՄ–ի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի
Երկրներն ավարտում են առցանց առևտրից և ծառայություններից ԱԱՀ-ի գանձման արձանագրության մշակման աշխատանքները։ Այս հարցը մեծ քննարկումներ առաջացրեց, քանի որ պետք էր համաձայնության գալ, թե որտեղ պետք է գանձվի այդ հարկը` վաճառողի՞, թե՞ գնորդի երկրում (կողմերը հանգեցին երկրորդ տարբերակին. խմբ.)։

Սլեպնյովի խոսքով` անհրաժեշտ է նաև թվայնացնել հաշիվ-ապրանքագրերը` թղթային փաստաթղթերի մշակման համար ժամանակի կորստից խուսափելու նպատակով։ Վերջապես պետք էր լուծել սպառողների իրավունքների պաշտպանության հարցը, օրինակ` անորակ ապրանքները վերադարձնելիս։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Հայաստանը հավանության արժանացրեց ԵԱՏՄ կանոններին` ինտերնետային առևտրից և առցանց ծառայություններից ԱԱՀ գանձելու վերաբերյալ ԱԱՀ-ի մասին վերը նշված արձանագրության հիման վրա (այն կցվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» համաձայնագրին): Այս կանոնների համաձայն` ԱԱՀ-ն գանձվելու է ապրանքի վաճառքի երկրում։
Նշենք, որ տարիներ շարունակ ԵԱՏՄ երկրներում, ինչպես աշխարհի շատ այլ երկրներում, միջազգային առցանց առևտրում ԱԱՀ չէր գանձվում, ինչն անհավասար պայմաններ էր ստեղծում շուկայում (օֆֆլայն առևտուրն ու երկրի ներսում գտնվող առցանց օպերատորը ԱԱՀ վճարում էին, իսկ արտասահմանյան օպերատորները` ոչ)։
Հիմա այդ անհավասարությունը կվերացվի:
Նշված կանոնները վերաբերում են միայն ԵԱՏՄ անդամ երկրների ընկերություններին։ Ինչ վերաբերում է երրորդ երկրների առցանց օպերատորներին, ապա ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր կարող է նրանցից հարկերն իր ձևով գանձել (այդ հարցը թողնվել է ազգային իշխանությունների հայեցողությանը)։ Հայաստանը 2021 թվականին ընդունել է այդպիսի հարկման կարգը, իսկ 2022 թվականից սկսել է հարկեր ստանալ հանրապետությունում վաճառք իրականացնող անդրսահմանային ընկերություններից։
ԵԱՏՄ–ն սննդամթերքում հակաբիոտիկների ավելի խիստ նորմեր է նախապատրաստել. ԵՏՀ նախարար