ԵԱՀԿ Մշտական խորհրդում ներկայացվել են Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները

Արմեն Պապիկյան
Ընդգծվել է, որ Ադրբեջանը նաև նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի փաստերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունի վիրավորներ:
«Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է ամբողջությամբ խաթարել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերը և նպատակ ունի զրոյացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Այս ապօրինի գործողությունը նաև Բրյուսելում և Մոսկվայում առաջիկայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է»,-հայտարարել է ՀՀ առաքելության ղեկավարը:
Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ Ադրբեջանը նաև նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի, անցակետի ապօրինի տեղադրման և ԿԽՄԿ-ի գործունեության խափանման փաստերից, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Ըստ ՊՆ–ի` զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։