Արցախի պողոտայում լքված նորածնի մոտ դրական տեղաշարժ կա. երեխայի վիճակը կայուն ծանր է

Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում`Արցախի պողոտայում հայտնաբերված լքված նորածին երեխայի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր»,–գրել է Դանելյանը։
Հիշեցնենք` փոքրիկին «մուրացկանների կացարանում» հայտնաբերել էր 1988 թվականին ծնված Երևանի մի բնակիչ։
Նորածին աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով: