ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայկական ավիաընկերության համար Թուրքիայի օդային տարածքի փակումն ու «Նեմեսիս» օպերացիայի մասնակիցներին նվիրված հուշարձանն ապամոնտաժելու պահանջը պետք է դիտարկել նախընտրական արշավի համատեքստում որպես ուղերձ թուրքական ազգայնական ընտրազանգվածին։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված «Թուրքիան ընտրություններին ընդառաջ» Մոսկվա–Երևան տեսակապի ժամանակ այս տեսակետը հայտնեց Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների պատմության ամբիոնի դոցենտ Պավել Շլիկովը։
«2020 թվականից հետո Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նոր դինամիկա նկատվեց։ Երևանի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը սկսեց կիրառական բնույթ կրել։ «Ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո Էրդողանն ասաց, որ Հայաստանի հետ բանակցությունների չի վերադառնա, մինչև չլուծվի, իր խոսքով, «օկուպացված» տարածքների խնդիրը։ Դա ընկալվեց որպես այդ խնդրի լուծման հիմք և օգտագործվեց երկխոսությունը վերսկսելու համար», – նշեց պատմաբանը։
Շլիկովի խոսքով` երբ «կրքերը հանդարտվեն» և ավարտվի նախընտրական աժիոտաժը, հնարավոր կլինի հույս դնել Թուրքիայի և Հայաստանի միջև փոխզիջողական լուծումներ գտնելու վրա։ Նա կարծում է, որ ընտրություններից հետո հայ–թուրքական հարաբերությունները կզարգանան հաշտեցման և փոխզիջումների համատեքստում, ով էլ հաղթի ընտրարշավում, քանի որ Թուրքիան ինքը շահագրգռված է սահմանների բացման և տրանսպորտային խնդիրների լուծման հարցում։
Նա հիշեցրեց, թե որքան դրական արդյունք ունեցավ Թուրքիայի երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն ուղարկելը։ «Դա կաշխատի նաև ընտրություններից հետո», – համոզված է մասնագետը։
Միաժամանակ նա նշեց, որ կան որոշ գործոններ, որոնք ազդում են ոչ միայն հայ–թուրքական հարաբերությունների, այլև տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության վրա։
«Եթե ուսումնասիրենք Թուրքիայի կովկասյան քաղաքականությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, կարելի է մի քանի կետ նշել, որոնք անփոփոխ են մնացել Հարավային Կովկասի հանրապետությունների անկախության հռչակումից հետո բոլոր 30 տարիների ընթացքում, և որոնք կպահպանվեն նույնիսկ ընդդիմության հիպոթետիկ իշխանության գալու դեպքում»,– ընդգծեց Շլիկովը։
Նման կետերի շարքում նա նշեց տարածաշրջանի ապակայունացման վերաբերյալ մտահոգությունը, ինչը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ և անցնել Թուրքիայի տարածք` Անկարայի համար դառնալով խնդիրների ավելացման ձգան։ Շլիկովը նշեց, որ Թուրքիայում դեռ հիշում են XX դարի 20-ականներին կնքած համաձայնագրերը և այն վերջնագիրը, որը ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը ներկայացրեց Անկարային` կապված Կարսի, Արդվինի, Արդաղանի և այլ տարածքների վերաբերյալ։
Շլիկովն ընդգծեց նաև, որ էներգետիկ բաղկացուցիչն ու տրանսպորտային միջանցքների հարցում ամենակարևորը դառնալու հավակնությունները ևս պահպանվում են Հարավային Կովկասի նկատմամբ Անկարայի քաղաքականության համատեքստում։