ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանը բանակցություններից առաջ կամ հետո միշտ դիմում է սադրանքների, և դա ավանդույթ է դարձել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է հայկական դիրքերը Սոթքի ուղղությամբ, այդ թվում՝ կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական սադրանքների հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր։ Այս ամենը տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման նախաշեմին (հանդիպումը նախատեսված է մայիսի 14-ին Բրյուսելում)։
«1995 թվականից արտգործնախարարության համակարգում եմ և չեմ հիշում բանակցությունների մեկ փուլ, որ չեն եղել նման սադրանքներ կա՛մ մինչև հանդիպումը, կա՛մ հանդիպումից հետո։ Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»,- նշեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա, դիվանագետի խոսքով, Բրյուսելում պետք է քննարկվեն խաղաղ համաձայնագրի տեքստի և կողմերի մոտեցումների վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մայիսի 19-ին բրյուսելյան հանդիպումից հետո Մոսկվայում բանակցություններ են սպասվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։ Նրա կարծիքով` մոսկովյան հանդիպումն ինչ-որ չափով կլինի Վաշինգտոնում բանակցությունների տրամաբանական շարունակությունը, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր ֆորմատ ունի իր յուրահատկությունը։
Հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում, թեև Բաքուն դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Դա կլինի Պրահայի ձևաչափի կրկնությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։ Հովհաննիսյանի խոսքով` սպասվում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությունը։ Փոխնախարարը վստահ է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը դրական ներդրում կլինի, քանի որ խոսքը ԵՄ երկու ազդեցիկ երկրների մասին է։