Սոթքից դեռ ահազանգեր ենք ստանում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել ադրբեջանական սադրանքներից

Արխիվային լուսանկար
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը դադարեցվել է աշխատողների անվտանգության նկատառումներից ելնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ կրակոցները Սոթքում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը ներկայացրել է պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը` Սոթքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
Նշենք, որ մայիսի 11-ի վաղ առավոտյան, ադրբեջական ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ ձեռնարկել է ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանական ԶՈւ կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները։ ՄԻՊ–ը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ կրակոցները գյուղում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Առավոտից ամբողջությամբ դադարեցվել է նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ աշխատողների անվտանգության նկատառումներից ելնելով»,– ասված է հայտարարությունում։
Նա խիստ մտահոգիչ է համարել Ադրբեջանի կողմից վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի թիրախավորման առնչությամբ տարածված տեղեկատվությունը այն պայմաններում, երբ մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։
Պաշտպանի աշխատակազմը վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։
Սոթքի հատվածում վիրավորված զինծառայողներից 2-ին տեղափոխել են Երևան
Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծել է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը, կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։