Սիմոնյանն Անկարայում քննարկել է Թուրքիայի ԱԳՆ «հարձակումը» Հայոց ցեղասպանության տարելիցին

Ալեն Սիմոնյանը ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների նիստում
Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների ֆոնին, Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել «հայկական ահաբեկչությունը» դատապարտող հայտարարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա կատարած այցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին Թուրքիայի ԱԳՆ-ի արած հայտարարությանը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում որոշել էր դատապարտել «հայկական ահաբեկչությունը»: Sputnik Արմենիան ԱԳՆ-ին խնդրել է մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը։
«Հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից, ինչպես նաև քննարկվել է ԱԺ նախագահի Անկարա այցի շրջանակներում»,-հայտնեցին Հայաստանի արտգործնախարարությունից։
Թե ինչ ձևաչափով է դա տեղի ունեցել, գերատեսչությունից չեն հայտնում։ Սակայն ՍԾՏՀ նիստում Սիմոնյանն իր ելույթում այդ թեմային չի անդրադարձել՝ դատելով խորհրդարանի մամուլի ծառայության տարածած տեսագրությունից։ Այն չի եղել նաև ՀՀ ԱԺ խոսնակի և թուրք գործընկերոջ հանդիպման մասին խորհրդարանի հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ հարցը քննարկվել է «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրման համատեքստում։
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի սկզբին մեկնել էր Անկարա՝ ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների նիստին մասնակցելու: Այցի շրջանակներում Սիմոնյանը հանդիպել էր Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ:
Անկարան պահանջում է ապամոնտաժել «Նեմեսիս»–ին նվիրված հուշարձանը Երևանում