ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և «Էրմիտաժ» գեղարվեստական-պատմամշակութային թանգարանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Երկու թանգարանների ղեկավարություններն այս իրադարձությունը պատմական և նշանակալի են համարում երկկողմ համագործակցության համար:
Թանգարանների ղեկավարների միջև պայմանավորվածությունը ձեռք էր բերվել փետրվարին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ժամանակ: Այդ ժամանակ էլ նախանշվել էին փոխշահավետ համագործակցության ուղղությունները։
«Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունը ռուս գործընկերների հետ։ Եվ «Էրմիտաժի» հետ փոխգործակցությունն այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի»,- Sputnik Արմենիային ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` վերոնշյալ համաձայնագիրը պայմանավորվածությունների և նախագծերի մի ամբողջ համալիրի իրականացում է նախատեսում: Մասնավորապես, «Էրեբունիում» կբացվի «Էրմիտաժի» անկյուն։ Դա թույլ կտա բարձրացնել արգելոց-թանգարանի գրավչությունը։ Բացի այդ, «Էրեբունի» թանգարանի այցելուների մեծ մասը ռուս զբոսաշրջիկներ են։ Երևանն իր հերթին առաջարկել է Էրմիտաժի «Ուրարտու» սրահում ուրարտական շրջանի մոնումենտալ սեպագրերի ցուցահանդես կազմակերպել:
Բացի այդ, «Էրմիտաժի» մասնագետ-հնագետները մայիսի 16-ին կժամանեն Հայաստան և կմիանան Կարմիր բլուրի պեղումներին, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի հայ վերականգնողները վերապատրաստում կանցնեն պետական Էրմիտաժի հայտնի լաբորատորիայում:
Բադալյանը նշեց, որ Հայաստանում կան վերականգնողներ, մետաղից և կերամիկայից պատրաստված իրերի և առարկաների վերականգնման մասնագետներ, սակայն տեքստիլի վերականգնմամբ եզակի մարդիկ են զբաղվում: Եվ դա այն դեպքում, երբ հենց Հայաստանում է պահվում ուրարտական տեքստիլի ամենամեծ հավաքածուն։ «Էրմիտաժում» հիանալի մասնագետներ կան, որոնք անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերեն հայ մասնագետներին։
Միքայել Բադալյան
© Sputnik / Asatur Yesayants
«Էրմիտաժը» «Էրեբունի» թանգարանին կաջակցի նաև համապատասխան գրականությամբ:
«Միայն այն փաստը, որ «Էրեբունին» ներկայացված կլինի «Էրմիտաժում», բարձրացնում է նրա հեղինակությունը», - ասաց նա:
Բացի այդ, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի աջակցությամբ «Էրեբունին» և «Էրմիտաժը» համատեղ աշխատում են «Թեյշեբաինի» բուկլետի վրա, որի նախաբանը կգրի անձամբ Պիոտրովսկին:
Ռուս գործընկերներին էլ կարող է հետաքրքրել ուրարտական դարաշրջանի հայ մասնագետ-գիտակների փորձը։ Իսկ Երևանը կարող է կամուրջ դառնալ ռուս և օտարազգի հնագետների և վերականգնողների միջև։
Բադալյանը նաև հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում «Էրմիտաժը» ղեկավարել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Իոսիֆ Օրբելին, Բորիս Պիոտրովսկին, որը երկար տարիներ աշխատել է մեր երկրում: Այսօր թանգարանը ղեկավարում է նրա որդին` Միխայիլ Պիոտրովսկին։ Միխայիլ Պիոտրովսկու մայրը`Հռիփսիմե Ջանփոլադյանը, խորհրդային ժամանակների ռուս գիտնական է, հայագետ և հնագետ-արևելագետ։
Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին իր հերթին ստորագրման արարողության ժամանակ նշեց համաձայնագրի կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման առումով:
«Համաձայնագիրը շատ կարևոր է պատմականորեն։ Խոսքը ոչ միայն վաղեմի կապերի, այլև Էրեբունու, Կարմիր բլուրի և Էրմիտաժի միջև կապերի զարգացման, ինչպես նաև բլրի վրա համատեղ աշխատանքի վերսկսման մասին է»,-ասաց Պիոտրովսկին։
Նա հիշեցրեց, որ Էրմիտաժը սերտորեն կապված է Կարմիր բլուրի հետ. Բորիս Պիոտրովսկու կատարած պեղումները, Հայաստանում և Սանկտ Պետերբուրգում արևելագիտական դպրոցների ստեղծման ուշագրավ պատմությունը և այլն:
Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի ղեկավար Սեդա Աղբալյանը նույնպես Sputnik Արմենիայի հետ զրույցում կարևորեց ստորագրված փաստաթուղթը։ Նրա խոսքով` նման նախաձեռնությունները Երևանի թանգարաններին թույլ կտան իրենց տեղը զբաղեցնել թանգարանների համաշխարհային քարտեզի վրա, բարձրացնել իրենց ճանաչելիության աստիճանն ու հեղինակությունը:
Սեդա Աղբալյան
© Sputnik / Asatur Yesayants
«Սա կարևոր է նաև երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համատեքստում»,-ասաց Աղբալյանը:
Հավելենք, որ համագործակցության շրջանակում կկազմակերպվեն նաև փոխայցելություններ և համաժողովներ։