Փաշինյանն Արմեն Գրիգորյանին 5 օրով գործուղում է Բրյուսել

ԱԽ քարտուղարը վերադարձից հետո պետք է ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտգործանախարարություն ներկայացնի օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին հնգօրյա այցով կմեկնի Բրյուսել: Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։
Պատվիրակության կազմում են լինելու նաև անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։
«Հայկական պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում է լինելու 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ»,– ասված է որոշման մեջ։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է ապահովի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։