ՄԻԵԴ-ը մերժել է. ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների մասով միջանկյալ միջոց չի կիրառվի

ՄԻԵԴ
ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել ապացույցներ, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի 2 քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք»,–նշում են գրասենյակից։
Պահանջը ՀՀ կառավարության դեմ ներկայացվել է ՀՀ տարածքը ապօրինի հատած ադրբեջանցիների հարազատների կողմից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին։
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։
Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։ Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Ավելին, նրանցից մեկը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող տղամարդու սպանության մեջ։
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին. ի՞նչ է արձանագրել