ՀՀ ՄԻՊ–ը Բուրիչի հետ խոսել է Բաքվի սադրանքների պատճառով ՀՀ–ում ստեղծված իրավիճակի մասին

Անահիտ Մանասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ զրույցում անդրադարձել է ՄԻԵԴ–ի վճիռներին վերաբերող հարցերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերելի հարցերին: Մանասյանը Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է նաև ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում։
Մանասյանն իր խոսքում նաև ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը։
Նա անդրադարձել է նաև հիմնական իրավունքներին վերաբերող չափանիշների պատշաճ իրացման կարևորությանը, ինչպես նաև ատելության խոսքի բացառման անհրաժեշտությանը։
Պայքարելու ենք բուլինգի և հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի դեմ. Մանասյան
Հիշեցնենք` ՀՀ ՄԻՊ–ը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցում է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։