ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Գոյ» թատրոնը միացվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Այս մասին որոշում կայացրեց ՀՀ կառավարությունը։
Ըստ գործադիր մարմնի` «Գոյի» միավորումը միտված է թատրոնի ստեղծագործական ներուժն առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:
«Ակնկալվում է, որ արդյունքում կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդատեղեկատվական արշավի ծրագիր, կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը»,– ասված է կառավարության հիմնավորման մեջ։
Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:
Հիշեցնենք` Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնի և Սունդուկյանի թատրոնի միավորման մասին հայտնի էր դարձել այս տարվա մարտին։ Թատրոնի ստեղծագործական անձնակազմը նամակով դիմել էր ԿԳՄՍՆ և բացատրություն պահանջել։ Նրանք խոստացել էին ամեն ջանք գործադրել, որ այդ նախագիծն իրականություն չդառնա։