Երեխան պատվաստված է եղել, բայց վարակվել է կարմրուկով. ՀՀ ԱՆ–ն հետաքննություն է սկսել

Արխիվային լուսանկար
Մայիսի 8-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանում երեխայի մոտ գրանցվել է կարմրուկի դեպք, սակայն նրա ամբուլատոր քարտում նշված է եղել, որ նա պատվաստված է։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սա առիթ է մեզ համար հետաքննելու` ինչպես են իրականացվել պատվաստումները»,– հայտնեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ պատվաստման գործընթացում արդեն խախտումներ հայտնաբերվել են, դրանցից մեկը` Գեղարքունիքի մարզում։
«Պարզել ենք, որ ավելի քան 10 տարի առաջ այդ մարզի բնակավայրերից մեկում բուժքույրը թույլ է տվել պատվաստումային խախտումներ։ Մենք հիմա այդ համայնքի համար վերաիմունիզացիոն ծրագիր ենք անում, որպեսզի այն մարդիկ, որ այդ տարում են պատվաստվել` նորից պատվաստվեն»,– նշեց նախարարը։
Նախարարը հայտնեց, որ այս պահին իրականացվում է նաև համաճարակային հետազոտություն պարզելու համար, թե վարակվածներն ու հիվանդները անցել են պատվաստում, թե ոչ։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի, նրանցից 7–ը հոսպիտալացված են։
Նշենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։