ԵՊՀ-ից հափշտակվել է 5.7 միլիոն դրամ

Գնահատող հանձնաժողովի անդամները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ԵՊՀ շահերին հակառակ, ընդունել են գնման ընթացակարգերին ակնհայտ չհամապատասխանող հայտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Երևանի պետական համալասարան» հիմնադրամի կարիքների համար ձեռք բերված սարքավորումների գնման գործընթացի ժամանակ հիմանդրամից հափշատկվել է 5,7 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ հիմնադրամում առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ քրգործ հորուցվել է դեռ 2019 թվականին։
Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կարիքների համար էլեկտրակենցաղային սարքավորումներ ձեռք բերելու համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նախագահ Ա.Ղ.-ն, անդամներ Մ.Ս.-ն, Կ.Մ.-ն, Ս.Հ.-ն և քարտուղար Ե.Ս.-ն:
Սարքավորումները ձեռք բերելու մրցույթին մասնակցելու երկու հայտ է ներկայացվել` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսինը՝ անհատ ձեռնարկատեր Է.Մ.-ն, և «Մարինե-90» ՍՊ ընկերությունը:
Նվազագույն գնային առաջարկը ներկայացրել է հիմնադրամի գնումների վարչության գնումների մասնագետի ամուսինը, որից պահանջվել է որակավորման չափանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել:
«Է.Մ.-ն, իրականությունը խեղաթյուրելու, մրցույթում հաղթող ճանաչվելու և Հիմնադրամի ռեկտորի կողմից 2016 թվականի մայիսի 20-ին հաստատված էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների գնման նախահաշվում նշված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող էլեկտրակենցաղային սարքավորումներ մատակարարելու դիտավորությամբ, գրություն է ուղարկել Հանձնաժողովին, որ ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են նախատեսված բնութագրերին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Իսկ գնահատող հանձնաժողովի անդամները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նոր մրցույթ չհայտարարելու հանգամանքով պայմանավորված, ԵՊՀ շահերին հակառակ, ընդունել են Է.Մ.-ի ներկայացրած գնման ընթացակարգերին ակնհայտ չհամապատասխանող հայտը։
էլեկտրակենցաղային սարքավորումներ է ձեռք բերելու համար ԵՊՀ-ն դուրս է գրել 12 մլն 830 հազար դրամ։ Սակայն Է.Մ.-ն այդ գումարից 7 մլն 155 հազար 967 դրամով է տեխնիկական բնութագրերից տարբերվող էլեկտրակենցաղային սարքավորումներ ձեռք բերել (19 սառնարան, 17 հեռուստացույց, 23 օդորակիչ):
«Արդյունքում Է.Մ.-ն խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 674 հազար 33 դրամ չհիմնավորված հավելյալ գումար»:
Ռելոկանտների գալով կիբեռհանցագործների համար նոր շուկա է հայտնվել. Սամվել Մարտիրոսյան
Է.Մ-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Նշենք, որ գործով մեղադրյալ են նաև հանձնաժողովի անդամները։
Նրանցից Ս.Հ.-ի նկատմամբ կիրառվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ համաներմամբ։
2023 թվականի ապրիլի 20-ին և 21-ին Ա.Ղ.-ի, Մ.Ս.-ի և Կ.Մ.-ի նկատմամբ դատախազի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: