Բաքուն ուզում էր ամբողջությամբ տիրանալ Սոթքի հանքին. Օհանյանը` ադրբեջանական սադրանքի մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը բացատրել է, թե ինչն է եղել ադրբեջանական այսօրվա սադրանքի հնարավոր պատճառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի առանցքային նպատակն էր Սոթքի ոսկու հանքին ամբողջությամբ տիրանալը, սակայն հայկական բանակը հակահարված է տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այս սադրանքի նպատակը և՛ դիրքային բարելավում ստանալն էր, և՛ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը։ ՀՀ իշխանությունները պետք է սթափ գնահատեն, ընդհանուր առմամբ ռազմաքաղաքական իրավիճակի առումով իրենց կարողություններն ավելացնեն։ Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են»,- ասաց Օհանյանը:
Նրա խոսքով` Բաքվի ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է, շարունակաբար ճնշելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության և հաղթողի դիրքից:
ՀՀ ՊՆ նախկին ղեկավարն ընդգեց` եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել:
Գեղարքունիքի որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել. մարզպետ
«Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,- նշեց Օհանյանը։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։