ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցեց հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»,– գրել է նա։
Հիշեցնենք` ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։