ԵՐԵՎԱՆ,11 մայիսի – Sputnik. Ադրբեջանը և Թուրքիան մեկ և միասնական խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են, որ խաղաղության ձեռքը սեղմվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է ադրբեջանական մամուլը։
«Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե մենք՝ Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, խաղաղության մեջ մտնենք, մեզ միանան նաև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, ապա դա Կովկասում խաղաղության միջավայր կստեղծի»,– ասել է նա։
Աքարը հայտարարել է նաև, թե իբր Հայաստանը ինքնուրույն երկիր չէ և շարժվում է ուրիշների թելադրանքով:
Ի դեպ, թուրք նախարարն այսօր մասնակցել է մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ 2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվան։
Զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈւ և ՌԾՈւ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։ Բարձր մակարդակի դիտարկման օրվան մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Հավելենք, որ «խաղաղության ձեռք» պարզած Ադրբեջանն այսօր առավոտից հրետակոծության է ենթարկում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։