ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարզաբանեց, թե ինչպես է ձեռք բերվել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող այն տունը, որտեղ նա ապրում է։ Այդ մասին նա խոսել է դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Այդ տունը գնել է ինձ հարազատ մարդկանցից մեկը` իր տղաների, ընտանիքի համար, ոչ ինձ համար։ Հետո, երբ տղաներն ասել են, որ այնուամենայնիվ նրանք չեն գալու Հայաստան, մնալու են արտասահմանում, այնպես որ լավ կլինի քավորով (Վլադիմիր Գասպարյանով-խմբ.) զբաղվեն։ Իմ ծրագրերի մեջ այդ տունը երբեք չի եղել»,– նշեց Գասպարյանը։
Հարցին` արդյոք այդ առանձնատունը նվիրել են իրեն, նախկին ոստիկանապետը դրական պատասխան տվեց և շեշտեց` ինքն այդ ընտանիքի քավորն է` և՛ կնոջ, և՛ երեխաների։
«Ժամանակին, երբ սանիկներիս հայրը ՌԴ–ում բիզնես էր սկսում, Ռուսաստանի իմ կապերի շնորհիվ թույլ չեմ տվել, որպեսզի ամեն տեսակի «կրիմինալ» նեղություն տա այդ մարդուն։ Ի դեպ, արդեն շատ եմ խոսում»,– ընդգծեց Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Մոնումենտի նշված տունն անցնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում քաղաքացիական վարույթով, և գործը ներկայում քննվում է հակակոռուպցիոն դատարանում։
Այս տարվա փետրվարի 4-ին լրատվամիջոցներով լուրեր էին տարածվել, որ Գասպարյանը պարտաստվում է վաճառել այդ առանձնատունը և, որ անգամ գնորդներ կան, վաճառքի գինն էլ 2 մլն 300 հազար դոլար է։ Այս լուրն այդ ժամանակ հնարավոր չի եղել ճշտել անձամբ իրենից` Վլադիմիր Գասպարյանից, իսկ պաշտպանը` Վարազդատ Ասատրյանն էլ նշել է, որ ինքն այդ մասով տեղեկություն չունի։
Հավելենք` նախկին ոստիկանապետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ։