ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Տեղ համայնք, հանդիպել համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
«Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ղուկասյանը նշել է, որ ճիշտ կառավարման համար անհրաժեշտ է, որ բնակիչները ևս բարձրաձայնեն խնդիրների մասին, իսկ ղեկավարները պարտավոր են տարբերակներ առաջարկել ու ձգտել լուծել դրանք։
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցերի մասին են բարձրաձայնել, որոնք հիմնականում վերաբերում էին վարելահողերին, այն հողատարածքների ու արդեն կատարած ցանքսերի փոխհատուցմանը, որոնք օգտագործել չեն կարողանում, սուբվենցիոն ծրագրերին, կաթի մթերմանը, կոյուղու կառուցմանը և այլն։
Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Տեղ համայնք
© Picasa
Ղուկասյանն այցելել է նաև համայնքի Արավուս բնակավայր, շրջել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու խնդիրներին։
Արավուսցիները մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք մասնավորապես առնչվում էին անվտանգությանը, մանկապարտեզ բացելուն, տների սեփականաշնորհման վկայականներին, հանդիսությունների սրահի նորոգմանը, աշխատատեղերին, բուժսպասարկմանը։