Պուտինի որոշմամբ Վրաստանի հետ ՌԴ վիզային ռեժիմը չեղարկվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահը հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան չվերթեր իրականացնելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Վրաստանի հետ Ռուսաստանի վիզային ռեժիմը։ Համապատասխան հրամանը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում։
«Որոշում եմ. սահմանել, որ 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելն ու ՌԴ-ից ելքն իրականացնում են առանց մուտքի արտոնագրի` իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթերի (Վրաստանի քաղաքացու, դիվանագիտական, ծառայողական անձնագրեր, նավաստու գրքույկ, Վրաստան վերադառնալու ճամփորդական փաստաթուղթ) հիման վրա։ Բացառություն է լինելու աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՌԴ մուտք գործելու դեպքում, կամ 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու, այդ թվում` կրթություն ստանալու նպատակով»,– ասված է փաստաթղթում։
Բացի դրանից, ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատանը կից Վրաստանի շահերի բաժնի վրացի աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները 3 ամսով մեկանգամյա մուտքի արտոնագիր են ստանում։ Նշվում է, որ նման աշխատակիցների հավատարմագրումից հետո նրանք և նրանց ընտանիքները կարող են ՌԴ մուտք գործել և ՌԴ–ից դուրս գալ առանց վիզայի ձևակերպման` հավատարմագրման ժամկետի ողջ ընթացքում։
Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով էլ հանվել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը։