ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի մոտ։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Խովաևը Հայաստան էր եկել նաև այս տարվա փետրվարին։ ՀՀ վարչապետի հետ նա քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր հանդիպել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։