ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղալումյանին, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենին և մի քանի աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել կոռուպցիոն չարաշահումների համար։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Մասնավորպես, 2011-2019թթ. ընթացքում Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Վարդան Ղալումյանը 2016թ. հունիսի 1-ին իր ընկերոջ կնոջը նշանակել է «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2016թ. հուլիսի 3-ին՝ նույն հիմնարկի տնօրեն:
2017թ. վերոնշյալ ընկերոջ կողմից ԱԺ պատգամավոր ընտրվելու և կնոջ հետ Երևան քաղաք տեղափոխվելուց հետո Իջևան համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ հսկողություն չի իրականացրել ընկերոջ կնոջ կողմից 2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ։
Այդ ընթացքում վերջինս փաստացի աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է ընդհանուր 698.365 ՀՀ դրամ աշխատավարձ:
Բացի այդ, ՓԲԸ-ում որպես լրագրող ձևակերպված մեկ այլ անձ 2016թ. հունիսի 4-ից մինչև 2018թ.-ի հուլիսի 20-ն աշխատանքի չի ներկայացել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, բայց ՓԲԸ տնօրենը, ունենալով համապատասխան լիազորություններ, հանձնարարել է հաշվարկել և նրան վճարել այդ ժամանակահատվածի համար դրույքաչափերով նախատեսված աշխատավարձը՝ ընդհանուր 1.074.997 ՀՀ դրամի չափով:
Տնօրենը նույն հիմնարկի հաշվապահին և փոխտնօրենին հանձնարարել է կազմել իր հիշյալ լրագրողի՝ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձերի ցուցակներ և աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր։
Դրանց մի մասը հաստատել է ինքը՝ այդպիսով կատարելով պաշտոնեական կեղծիք։ Իսկ մյուս մասը, իր բացակայության ընթացքում, հանձնարարել է հաստատել փոխտնօրենին՝ դրդելով վերջինիս և հաշվապահին կատարել կեղծիք։ Այդ կերպ հիմնարկի վերոնշյալ երեք աշխատակիցների օժանդակությամբ տնօրենի կողմից յուրացվել, վատնվել է խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 1.700.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և փաստաթղթերի կեղծմանը դրդելու համար։
Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՓԲԸ-ի նախկին փոխտնօրենին, հաշվապահին, ինչպես նաև ՓԲԸ-ի նախկին լրագրողին։ Բոլոր 5 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան հանձնելու համար: